Իմպլանտատների վրա պրոթեզավորումն օրթոպեդիկ բուժման մեթոդներից ամենաառաջադեմն է: Ստոմատոլոգիական իմպլանտատը հուսալի հիմք է օրթոպեդիկ կոնստրուկցիաների համար: Դա ապացուցվել է բազմաթիվ հետազոտությունների և կլինիկական փորձերի միջոցով մի քանի տասնյակ տարիների ընթացքում:
Շատերն «իմպլանտատ» հասկացությունն ասոցացնում են վիրաբուժական բարդ վիրահատության հետ ընդհանուր անզգայացման կիրառումով: Իրականում իմպլանտացիան տեղային անզգայացումով անցավ, փոքր ամբուլատոր վիրահատություն է: Չնայած բուժառուի ցանկության կամ որոշ ցուցումների դեպքում վիրահատությունը կարելի է անցկացնել ընդհանուր անզգայացման տակ:
Լորձաթաղանթի վրա կտրվածք անելու միջոցով ոսկրի մեջ է տեղադրվում իմպլանտատը, որը ծառայելու է որպես հենարան շապիկի համար չհանվող պրոթեզի պատրաստման ժամանակ կամ որպես հիմք պրոթեզի համար փականային ամրակներ տեղադրելիս:
Իմպլանտատները պատրաստվում են կենսահամատեղելի նյութերից, ինչպիսին օրինակ՝ տիտանն է:
Իմպլանտատի արմատավորումից մինչև օրթոպեդիկ կոնստրուկցիայի ամրակայումը տևում է սովորաբար 3-6 ամիս: Իմպլանտացիան կատարյալ ելք է մեկ կամ մի քանի բացակայող ատամները լրացնելու համար, քանի որ դուրս է մնում հարևան ատամները տաշելու անհրաժեշտությունը:
Եթե բացակայում են սեղանատամները, իմպլանտատն իր վրա է վերցնում հենարանային ատամի դերը, իսկ ատամների լրիվ բացակայության դեպքում իմպլանտատների վրա կարելի է պատրաստել ինչպես հանվող, այնպես էլ ֆիքսված կոնստրուկցիաներ։ Մեր դիտարկումներով բուժառուների մեծ մասը նախընտրում է ֆիքսված, անշարժ կոնստրուկցիաներ։ Իսկ թե կոնկրետ որ տեսակը առավել հարմար կլինի ձեզ համար, կախված է բազմաթիվ հանգամանքներից։
Իմպլանտացիայի և հետագա պրոթեզավորման հաջողության մեծ մասը կախված է վիրաբույժ-իմպլանտոլոգի ու ստոմատոլոգ-օրթոպեդի, ատամնատեխնիկի ու հիգիենիստի համակարգված և պրոֆեսիոնալ աշխատանքից: Իհարկե, բուժառուի ընդհանուր առողջական վիճակը, ինչպես նաև ներբերանային վիճակը ևս չափազանց կարևոր է։
- Ատամնային իմպլանտատները գործում են ինչպես Ձեր սեփական ատամները
- Թույլ են տալիս պահպանել հարևան ատամները՝ խուսափելով դրանք տաշելուց կամրջաձև պրոթեզի համար
- Կարելի է հրաժարվել հանվող պրոթեզավորումից
- Պրոթեզի ավելի լավ ամրակայում, քանի որ իմպլանտատը ծառայում է որպես հուսալի հենարան
- Շատ խնդիրների (էսթետիկ և ֆունկցիոնալ) լուծում բոլոր ատամների բացակայության դեպքում
«Ավանտա» կենտրոնում մենք մեծ ուշադրություն ենք դարձնում առաջնային բազմադիսցիպլինար խորհրդատվությանը, որի ժամանակ մանրամասն քննարկվում է օրգանիզմի ընդհանուր վիճակը, բերանի խոռոչի վիճակը և ստացված տեղեկության հիմքով բուժառուին ներկայացվում են բուժման հնարավոր տարբերակները՝ հաշվի առնելով նաև ֆինանսական բաղադրիչը:
Մենք հավատարիմ ենք այն սկզբունքին, որ ցանկացած իմպլանտոլոգիական պրոցեդուրա սկսելուց առաջ բուժառուն պետք է ունենա հստակ պատկերացում բուժումից հետո կոնստրուկցիաների ֆունկցիոնալության և էսթետիկ տեսքի մասին: