Ի՞նչ է էնդոդոնտիկ բուժումը:
«Էնդո»-ն հունարեն բառ է, նշանակում է «ներքին», «դոնտ» նշանակում է «ատամ»։ Էնդոդոնտիկ բուժումը, ուրեմն, նշանակում է բուժում ատամի ներսում։Հասկանալու համար, թե ինչ է էնդոդոնտիկ բուժումը, պետք է որոշ բաներ իմանալ ատամի անատոմիայից։
Ատամի ներսում՝ սպիտակ էմալի և պինդ շերտի տակ, որը կոչվում է դենթին, գտնվում են կակղան (պուլպա) կոչվող փափուկ հյուսվածքներ։ Կակղանը բաղկացած է արյունատար անոթներից, նյարդերից, շարակցական հյուսվածքներից և ատամի պինդ հյուսվածքներին ապահովում է սնուցում ու կենագործունեության ընթացքի զարգացում։ Կակղանը տարածվում է ատամի պսակից մինչև արմատի ծայրը, որտեղ այն միանում է արմատը շրջապատող հյուսվածքներին։ Կակղանի առողջ լինելը շատ կարևոր է ատամի զարգացման և աճի ժամանակ։ Լրիվ ձևավորումից հետո ատամը կարող է գոյություն ունենալ նաև առանց կակղանի, քանի որ սնուցում է ստանում նաև շրջապատող հյուսվածքներից։
Ատամնափուտը (կարիեսը) հիվանդություն է, որը բնորոշվում է ատամի պինդ հյուսվածքների (էմալի և դենթինի) արագացող քայքայմամբ։ Այն տեղի է ունենում բերանի խոռոչի միկրոօրգանիզմների կենսագործունեության ընթացքում առաջացող թթուների ազդեցության տակ։
Եթե էմալի և դենթինի կարիեսը չբուժվի, ապա տեղի կունենա վարակի ներթափանցում կարիեսի խոռոչից ատամի ներքին տարածություն: Այս ժամանակ խոսք կլինի կարիեսի բարդությունների մասին (պուլպիտ կամ պերիոդոնտիտ)։
Ատամի ներքին տարածությունում գտնվում են կակղանի (պուլպայի) խոռոչը և ատամնարմատի խողովակները, որոնք պարունակում են բարդ կենսաբանական հյուսվածք հանդիսացող կակղանը։ Շատերը կակղանն անվանում են ատամի «նյարդ»։ Իսկապես, կակղանում կան նյարդեր, սակայն կան նաև զարկերակներ, երակներ, ավշային անոթներ, շարակցական հյուսվածք։ Կակղանի վարակվածությունը հանգեցնում է նրա բորբոքմանը (պուլպիտ) և հետագայում` մահացմանը։ Կակղանի բորբոքումն ավարտվում է պերիոդոնտի հյուսվածքների բորբոքմամբ արմատի վերնածայրի շրջանում (պերիոդոնտիտ)։ Բորբոքման նշան կարող է լինել այն, որ ատամը բազմիցս ցավել է կամ շարունակում է ցավել, ատամին մոտ լինդը դարձել է զգայուն և/կամ ուռել է։ Կակղանը կարող է մահանալ նաև քրոնիկական վարակման կամ աննկատելի վնասվածքի հետևանքով` չպատճառելով ցավեր և տհաճ զգացողություններ, և այդ դեպքում ատամները, որոնք կարիք ունեն բուժման, կարող են աննկատ մնալ նույնիսկ մի քանի տարվա ընթացքում։
Այդպիսի դեպքերում բժիշկը նման ատամները կարող է ի հայտ բերել ռենտգեն հետազոտության օգնությամբ։
Կակղանի բորբոքումը և առավել ևս մահացումը պահանջում են բարդ էնդոդոնտիկ բուժում կամ, ինչպես արտահայտվում են ավելի պարզ, «խողովակների բուժում»։
Մեր հանձնարարականները
Բարդացած ատամնափուտի (կարիեսի) բուժումը լուրջ աշխատանք է և, որպես կանոն, անցկացվում է մի քանի ընդունելությամբ։ Այն ատամի հետ, որը բուժման ընթացքի մեջ է, պետք է վարվել խիստ զգույշ։
Մինչև այն ժամանակ, քանի դեռ բժիշկը լրիվ չի ավարտել վերականգնումը, ատամը գտնվում է «վթարային» իրավիճակում: Ավելորդ ծանրաբեռնման դեպքում այն կարող է ջարդվել կամ կոտրվել։
Ակտիվ ձևով ծամելու դեպքում վտանգ կա, որ բժշկի դրած ժամանակավոր ատամնալիցքը (պլոմբը) կարող է քայքայվել։
Եթե դա տեղի ունենա, ապա թուքը և սնունդը նորից կհանգեցնեն ատամի ներքին մասի աղտոտմանը` ամբողջ նախընթաց աշխատանքը գործնականում դարձնելով անօգուտ։
Որակյալ էնդոդոնտիկ բուժումը չի կարող էժան լինել։
Որակյալ էնդոդոնտիկ բուժման այլընտրանք կարող են լինել.
– Էժան, ուրեմն` ոչ որակյալ էնդոդոնտիկ բուժումը,
– ատամի հեռացումը։
Բուժական միջամտությունների ցածր արժեքը, կատարման պարզությունը և արագությունը կարող են ավելի գրավիչ թվալ, քան խողովակի բարդ, թանկարժեք և ավելի երկարատև բուժումը։ Սակայն առանձին արդյունքներ ցույց են տալիս հետևյալը. այդ միջոցները, պարզվում է, ամենալավը չեն և ոչ էլ ամենաէժանը՝ կամ վերաբուժման (ինչը շատ ավելի թանկ է պարզապես որակյալ բուժումից), կամ էլ պրոթեզավորման (կորցրած ատամը արհեստականով փոխարինելու) անհրաժեշտության պատճառով։