Լաթային վիրահատություն. պարոդոնտի բուժման մեթոդները

Պարոդոնտի հյուսվածքների բուժման այնպիսի պահպանողական մեթոդների անարդյունավետության ժամանակ, ինչպիսին են կյուրետաժը և տեղային հակաբիոտիկների օգտագործումը, կատարվում են լաթային վիրահատություններ։ Նման վիրահատության ժամանակ բժիշկն անմիջական մուտք է ունենում լնդագրպանիկ և ատամնարմատ։
Լաթային վիրահատությունը կատարվում է տեղային անզգայացմամբ։ Բժիշկը, սովորաբար, անզգայացումից առաջ այցելուին հարցնում է այն անեսթետիկի տանելիության մասին, որը պատրաստվում է օգտագործել։
Վիրահատության ժամանակ լաթը բարձրացվում է և բացվում է մուտքը դեպի ատամնարմատ։ Դա հնարավորություն է տալիս «մաքրել» արմատը ատամնաքարից, հեռացնել բոլոր պաթոլոգիկ հյուսվածքները լնդագրպանիկում։ Անհրաժեշտության դեպքում կատարվում է ոսկրահյուսվածքի փոխարինում տրանսպլանտատներով, եթե նկատվում է ոսկրահյուսվածքի ախտահարում։
Անհրաժեշտ միջամտություններ կատարելուց հետո բժիշկը կարում է լնդի լաթը, և այդ շրջանում դրվում է թանզիվի վիրախծուծ (տամպոն)` կանխելու արյունահոսությունը։

Վիրահատությունից հետո

Հետվիրահատական շրջանը սովորաբար տևում է մի քանի օր։ Անհրաժեշտ է հետևել բոլոր ցուցումներին, որոնք Ձեզ տալիս է ստոմատոլոգը։ Հետվիրահատական շրջանը արագ և հարմար ձևով անցկացնելու համար հանձնարարվում է հետևյալը.
• Ցավազրկող միջոցների ընդունում։
• Բժշկի կողմից նշանակված բոլոր դեղերի ընդունում։
• Հետվիրահատական վերքի շրջանում այտուցի և ցավի դեմ կանոնավոր կերպով բերանի խոռոչի ողողումներ։
• Կանոնավորապես փոխեք տամպոնները, եթե ներծծվում են արյամբ։
• Աշխատեք խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից` կանխելու համար արյունահոսությունը։
• Աշխատեք պառկել գլուխը բարձր, ինչն օգնում է կանխելու արյունահոսությունը։
• Խնամքով մաքրեք ատամները։
• Ցավը և այտուցը նվազեցնելու համար կտրվածքի շրջանում արտաքին կողմից դրեք սառույցի պարկ (սկզբնական շրջանում)։
• Աշխատեք սկզբնական շրջանում օգտագործել միայն փափուկ սնունդ (պյուրե, ժելե, պուդինգ և այլն)։
• Սահմանափակեք ծխելը, իսկ ավելի լավ է մի ծխեք։
Կարերը քանդում են 7-8 օր անց կամ էլ դրանք քանդվում են իրենք։

Լաթային վիրահատության հնարավոր բարդություններ

• Ատամնարմատը կարող է դառնալ ավելի զգայուն։
• Կարող են փոխվել լնդի ձևը և ուրվագիծը։

Ի՞նչ պետք է իմանալ լաթային վիրահատության մասին

• Լաթային վիրահատությունը հաճախ անհրաժեշտ է լինում` պահպանելու համար այն ատամը, որը ծնոտին կպած է ախտահարված լինդով։
• Բերանի խոռոչի հիգիենան չպահպանելու դեպքում կա լնդերի հիվանդությունների և պարոդոնտիտի կրկնման ռիսկ։ Որպեսզի լնդի վերքն արագ սպիանա` սահմանափակեք ծխելը։