Բերանի խոռոչի պրոֆեսիոնալ հիգիենիկ մշակում

Բերանի խոռոչի պրոֆեսիոնալ մշակումը  մեր կլինիկայում բուժման գործընթացների համալիր է` ուղղված բերանի խոռոչի օրգանների և հյուսվածքների առողջացմանը, ստոմատոլոգիական հիվանդությունների առաջացման և զարգացման նախականխմանը: Մեր կլինիկայում պրոֆեսիոնալ հիգիենայով զբաղվում են հատուկ պատրաստված մասնագետներ` հիգիենիստներ: Հմուտ հիգիենիստը աշխատանքը կատարում է ավելի լավ և արագ, քան ընդհանուր պրոֆիլի ստոմատոլոգը: Բացի ընդհանուր գերազանց հմտություններից` մեր հիգիենիստները տիրապետում են բրեկետ-համակարգեր, ատամնապրոթեզներ, իմպլանտատներ ունեցող այցելուների հետ հիգիենայի անցկացման տեխնիկային:

Բուժման գործընթացի ժամանակ ատամների մակերեսից հեռացվում է փառը, որը հնարավոր չէ հեռացնել տնային պայմաններում՝ ամենօրյա անհատական հիգիենայով:
Ամբողջ գործընթացը բաժանվում է մի քանի փուլերի՝ ատամնային նստվածքների հեռացում, ատամի մակերեսի հղկում և փայլեցում, ապլիկացիաներ՝ լնդի և լորձաթաղանթի վրա:

Վերլնդային նստվածքների հեռացմամբ զբաղվում է հիգիենիստը: Գործընթացի ժամանակը կախված է կլինիկական պատկերից, և սովորական տևողությունը կազմում է մոտ 1 ժամ:

– Սկզբից կատարվում է վերլնդային ատամնային նստվածքների հեռացում գերձայնային ապարատով: Դրա ծայրակալը տատանվում է վայրկյանում 25-30 հազար տատանումների հաճախականությամբ, ինչը առաջ է բերում նստվածքների արագ և անցավ պոկում ատամի մակերեսից:

– Այնուհետև ատամի մակերեսը հղկվում է ավազաշիթային ապարատով: Արդյունքը ձեռք է բերվում ատամի մակերեսի վրա մանր լուծվող փոշու և ջրի խառնուրդի ճնշման ազդեցությամբ:

– Շատ կարևոր փուլ է փայլեցումը: Առանց մանրակրկիտ փայլեցման՝ բոլոր նախորդ փուլերը նվազ արդյունավետ են: Փայլեցումը կատարվում է խոզանակի և ռեզինի օգնությամբ` օգտագործելով փայլեցնող հղկիչ մածուկներ, իսկ ատամների հպման  մակերեսները՝ հատուկ շերտիկների` շտրիպսների օգնությամբ:

Պրոֆեսիոնալ հիգիենան ցուցված է բոլորին: Այցելությունը հիգիենիստին տարեկան 2 անգամ հանդիսանում է մեր բոլոր աշխատանքների երաշխիքների պահպանման պայմանը:

Այցելությունը հիգիենիստին ավելի հաճախ` տարեկան 4 անգամ կամ նույնիսկ ամեն ամիս, հանձնարարվում է կարիեսի բարձր ինտենսիվություն, լնդերի արյունահոսություն, ատամնաքարեր ունեցող մարդկանց, ծխողներին, սուրճի, թունդ թեյի, կարմիր գինու սիրահարներին:

Պրոֆեսիոնալ հիգիենան պարտադիր է նաև ատամների բուժումից և հեռացումից, օրթոդոնտիկ բուժումից, իմպլանտացիայից, պրոթեզավորումից և պրոֆեսիոնալ սպիտակեցումից առաջ:
Պրոֆեսիոնալ հիգիենայի իրականացմանը հակացուցումներ չկան: Զգացողությունները կախված են կլինիկական պատկերից և օրգանիզմի անհատական զգայունությունից:
Որպես կանոն` գործողությունը ցավոտ չէ և ոչ մի ցավազրկում չի պահանջում:

Երբեմն հիգիենայից հետո հնարավոր է ցավոտ ռեակցիա սառը գրգռիչներից: Պացիենտը կարող է զգալ անհարմարավետություն` տնային պայմաններում ատամները մածուկով և խոզանակով մաքրելու ժամանակ: Այդ զգացողություններն անցնում են 1-2 օր անց: