Ատամների թերությունների վերացում ներդիրների միջոցով

Ատամի պսակային մասի մասնակի թերությունների դեպքում, երբ ատամնահպման (օկլյուզիոն) մակերեսի քայքայման ինդեքսը 0,6-ից (60%) ցածր է, ցուցված է միկրոպրոթեզների կիրառումը։

Ներկայումս լայն տարածում է գտել ատամի միկրոպրոթեզների դասակարգումը` կախված դրանց կառույցից (inlay, onlay, overlay, pinlay, venere).
– Inlay. միկրոպրոթեզ, որը տեղադրվում է ատամնապսակի պինդ հյուսվածքների ներսում,
– Onlay. միկրոպրոթեզ, որը տեղադրվում է հյուսվածքների ներսում՝ խորքում, սակայն դրանով հանդերձ ունի օկլյուզիոն նեցուկ, որն ատամի պատերը պաշտպանում է կոտրվածքներից ուղղակի անմիջական ծանրաբեռնման ժամանակ։
– Overlay. միկրոպրոթեզ, որը ներառում է ատամի 5 ազատ պատերից 4-ը։
– Pinlay. միկրոպրոթեզ, որն ատամին ամրացված է գամիկների (շտիֆների) օգնությամբ (մակրո- կամ միկրոգամիկներ)։
– Venere. միկրոպրոթեզ, որը ծածկում է առջևի (ֆրոնտալ) ատամների նախադռնային (վեստիբուլյար) մակերեսը։
Հայտնի են միկրոպրոթեզների դասակարգման այլ մոտեցումներ ևս.
– Վերականգնող միկրոպրոթեզներ. կանոնավորում են ատամների միջոցով մերձատամնային հյուսվածքների վրա գործադրվող ծամողական ճնշումը:

– Ծանրաբեռնող միկրոպրոթեզներ. որպես կամրջաձև պրոթեզների հենարան օգտագործվում են ատամնաշարի մասնակի թերությունների վերացման համար և ծանրաբեռնում են լրացուցիչ հենակետային ատամները։
– Վերաբաշխող միկրոպրոթեզներ. վերաբաշխում են ծամողական ճնշումը ատամների բեկակալման ժամանակ։

Կա նաև միկրոպրոթեզների դասակարգում` կախված դրանց պատրաստման նյութից.
– մետաղական,
– կոբալտ-քրոմային ձուլվածքից,
– արծաթ-պալադիումական ձուլվածքից,
– ոսկու ձուլվածքից,
– տիտանի ձուլվածքից,
կոմպոզիտիվ,
– կերամիկական,
– համակցված,
– մետաղակոմպոզիտիվ,
– մետաղակերամիկական:

Միկրոպրոթեզի կառույցի ընտրության ժամանակ հաշվի են առնվում ոչ միայն պինդ հյուսվածքների թերության չափը, այլև պսակի պատերի վիճակը, դրանց խտությունը, մակրոճաքերի առկայությունը, գույնը, ինչպես նաև ատամի կակղանի վիճակը։ Ներդիրներն օգտագործվում են հիմնականում աղորիքի և փոքր աղորիքի (սեղանատամ) շրջանում։
Ստոմատոլոգիայում էսթետիկական կոմպոզիտային նյութերից ատամնալիցքի կիրառումը գործնականում հրատապ դարձրեց ներդիրների օգտագործումը առջևի ատամների շրջանում, որտեղ հիմնականում կիրառվում են երեսպատիչներ։

Ատամնալիցքի (պլոմբա) համեմատ ներդիրների առավելություններից են միջատամնային կոնտակտ կետի կազմության և գործառույթների վերականգնման հնարավորությունը և դրանց ամրությունը ծամիչ ատամների մոտ այդ գոտու վերականգնման ժամանակ։ Ատամների մշակումը տարբեր կառույցներ ունեցող միկրոպրոթեզների մոտ (inlay, onlay, overlay, pinlay, venere) ունի իր առանձնահատկությունները` կախված կառույցին անհրաժեշտ նյութերի ընտրությունից և միկրոպրոթեզի պատրաստման տեխնոլոգիայից։

Այսպես, կերամիկական ներդիրի համար ատամի մշակման ժամանակ չպետք է լինեն տեղամասեր, որտեղ խոռոչի չափը լինի 1,5 մմ-ից պակաս, քանի որ փոքր չափերով կերամիկական ներդիրը կառույցի տարրերի հետ կարող է չդիմանալ ծամողական ճնշմանը։ Մետաղական ներդիրի համար խոռոչի մշակման ժամանակ թույլատրվում է ձևավորել ավելի բարակ ռետենցիոն տարրեր։ Ատամի և ներդիրի միացման գոտին նույնպես ունի իր առանձնահատկությունները. մետաղական ներդիրի համար ատամի մշակման ժամանակ խոռոչի եզրը թեքությամբ հղկվում է, առաջանում է ֆալց (թեքություն), իսկ ներդիրն ունենում է «հովար» («կոզիրյոկ»), որը պաշտպանում է էմալե եզրը։

Կերամիկական ներդիրի համար ատամի մշակման ժամանակ հարկ է խոռոչի եզրն այնպես ձևավորել, որ կերամիկական ներդիրի եզրը լինի բավականաչափ զանգվածեղ, չունենա նուրբ տարրեր, հակառակ դեպքում հնարավոր են ճաքեր։ Պետք է պահպանել նաև խոռոչի ձևավորման երկրաչափական ընդունված սկզբունքները և մշակումը կատարել անվտանգության գոտիների սահմաններում։ Ստանդարտ բլոկներից ֆրեզման միջոցով կերամիկական ներդիրների պատրաստման ժամանակ պետք է խուսափել ներքնափոսերի առաջացումից` հաշվի առնելով ֆրեզի աշխատանքի ուղղությունը։

Երեսպատիչի համար առջևի ատամների մշակման ժամանակ հյուսվածքների հեռացման թույլատրելի ծավալը, որը կապահովի երեսպատիչի ամրությունը, կազմում է կտրող եզրի շրջանում` 1 մմ, հասարակածային շրջանում` 0,7 մմ, վզիկի շրջանում`0,5 մմ։
Ընդ որում` կտրող եզրը ծածկվում է քիմքի կողմից ելուստի առաջացմամբ, ցանկալի է հակադիր ատամի հետ հպումից բարձր։ Երեսպատիչի ամրակայումը բարելավելու համար հանձնարարվում է ատամների ապրոքսիմալ մակերեսների մշակում ատամնալիցքի հեռացմամբ։

Ներկայումս կիրառվում են հետևյալ եղանակները. ներդիրի մոդելավորման ուղղակի եղանակը` այցելուի բերանի խոռոչում, անուղղակի եղանակը` գիպսե աշխատանքային մոդելի վրա, և համակարգչային եղանակը` նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ուղղակի եղանակը ենթադրում է ֆիզիոլոգիական անջատում (սեպարացիա) ճեղքման միջոցով և ապրոքսիմալ մակերեսի ձևավորման համար մատրիցաների օգտագործում։ Մոդելավորման համար կիրառում են մոմեր, ինքնակարծրացող և լուսակարծրացող պլաստմասեր։

Դրոշմվածքները հանվում են սիլիկոնային, պոլիեթերային կամ վինիլքսիլոքսինային զանգվածով։ Առավելությունը պետք է տալ տարբեր մածուցիկության երկու զանգվածների միաժամանակյա խառնումով դրոշմվածքի հանմանը։ Դա ապահովում է աշխատանքային գիպսե մոդելի առավելագույն համապատասխանությունը բերանի խոռոչում առկա իրավիճակին։

Անհրաժեշտ է պատրաստել քանդովի աշխատանքային գիպսե մոդելներ միջատամնային կոնտակտ կետերի որակյալ մոդելավորման համար։ Համակարգչային ֆրեզավորման տեխնոլոգիայի իրացման համար պահանջվում է համակարգչային դրոշմ, որն ստանում են ներբերանային թվային տեսախցիկի կիրառմամբ։ Ատամների ծամողական խմբի համար հիմնականում կիրառում են կերամիկական, մետաղակերամիկական և ոսկու ձուլվածքից մետաղական ներդիրներ։

Մետաղական ներդիրները ավանդաբար պատրաստվում են ձուլման միջոցով։ Ամբողջաձույլ մետաղակերամիկական ներդիրների պատրաստման համար հիմնականում կիրառում են հետևյալ տեխնոլոգիաները՝ հախճապակու թրծում հրակայուն մոդելների վրա, ձուլվածքային մամլում, համակարգչային և պատճենահանման ֆրեզում։ Ծանրաբեռնող ներդիրների պատրաստման ժամանակ կամրջաձև պրոթեզի կառույցում գերապատվությունը պետք է տալ կերամիկայով երեսպատված ցիրկոնիումի երկօքսիդից լրիվ թրծված հիմնակմախքի կիրառման տեխնոլոգիաներին։ Ատամնահպման մակերեսի ոչ մեծ թերությունների դեպքում հնարավոր է ստանդարտ կերամիկական ներդիրների օգտագործումը։ Մետաղակերամիկական ներդիրների ստացման առավել հեռանկարային տեխնոլոգիան գալվանոպլաստիկայի մեթոդով պատրաստված մետաղական հիմնակմախքների կիրառումն է։

Միկրոպրոթեզների ստացման այլընտրանքային մեթոդներ են համարվում կոմպոզիտների լուսային պոլիմերացումը և ջերմային պնևմոպոլիմերացումը։ Կոմպոզիտային պրոթեզների մաշելիությունը առավելագույնս մոտեցված է բնական ատամների մաշելիությանը` համեմատած կառույցների համար անհրաժեշտ այլ նյութերի հետ։ Սակայն պետք է խոստովանել, որ այդպիսի պրոթեզներին հատուկ են ծամողական ատամներին տեղադրված կոմպոզիտային ատամնալիցքերի թերությունները։

Մետաղական և մետաղակերամիկական ներդիրները ավանդաբար ֆիքսվում են ցեմենտով, կերամիկական պրոթեզները` երկակի կարծրացման կոմպոզիտների օգտագործմամբ կպչուն (ադհեզիվային) տեխնիկայի օգնությամբ։ Հատկապես երեսպատիչների ֆիքսացման ամրակայման ժամանակ ադհեզիվային տեխնիկան ունի առանձնակի մեծ նշանակություն։