Օրթոպեդիան ստոմատոլոգիայի բաժին է, որն զբաղվում է պրոթեզավորման ճանապարհով ատամնածնոտային համակարգի ամբողջականության և գործառնության խախտումների ախտորոշմամբ ու բուժմամբ։ Պրոթեզավորման տեսակն ընտրվում է անհատապես յուրաքանչյուր այցելուի համար և կախված է շատ գործոններից: Այդ պատճառով էլ բուժման մեթոդի ճիշտ ընտրության համար շատ կարևոր է լրիվ փոխըմբռնումը այցելուի և բժշկի միջև։ Օրթոպեդիկ բաժանմունքի բժիշկները, ունենալով հարուստ կլինիկական պրակտիկա, կանոնավորապես մասնակցում են արտասահմանում անցկացվող դասընթացներին և գիտագործնական կոնֆերանսներին, դասախոսություններին և սեմինարներին։ Ավանտայում մենք գործնականում կիրառում ենք համալիր բուժման սկզբունքը։ Այդ հասկացությունը ներառում է այցելուի բազմակողմանի հետազոտությունը մինչև բուժումն սկսելը, մանրամասն պլանավորումն ու նախապատրաստությունը տարբեր գործողություններին` ուղղված հարյուր տոկոսանոց արդյունքի ձեռքբերմանը։ Համալիր բուժման պլանի կազմմանը մասնակցում են տարբեր մասնագիտացումներ ունեցող ատամնաբույժներ։ Պրոթեզավորելիս մենք օգտագործում ենք ժամանակակից օրթոպեդիկ ատամնաբուժության արդիական մեթոդներն ու նվաճումները։ Ցանկացած կլինիկայի օրթոպեդիկ բաժանմունքի առավելությունն այնպիսի կարևոր ստորաբաժանման առկայությունն է, ինչպիսին է ատամնատեխնիկական լաբորատորիան։ Բարձր որակավորման ատամնատեխնիկներ ունենալը թույլ է տալիս ամենակարճ ժամկետներում լուծել ամենաբարդ խնդիրները, որոնք մեր առջև դնում են այս կամ այն կլինիկական իրավիճակները։

Մեզ հասու են պրոթեզավորման բոլոր հայտնի տեսակները.

  • առանձին ատամների և ատամնախմբերի վերականգնում՝ իմպլանտատների կիրառմամբ,
  • ատամների վերականգնում՝ մետաղակերամիկական, ցիրկոնիումի երկօքսիդի և ալյումինի օքսիդի հիմքով կերամիկական պսակների (ատամնաշապիկների), հիպոալերգիկ համաձուլվածքներից հիմնակմախքով, ցիրկոնիումի երկօքսիդից կերամիկական պսակների օգտագործմամբ,
  • մասնակի շարժական թիթեղային պրոթեզներ և լրիվ շարժական թիթեղային պրոթեզներ («դասական» ակրիլային պլաստմասաների, մոնոմերի նվազեցված պարունակությամբ պլաստմասաների օգտագործմամբ, ինչը փոքրացնում է ալերգիկ ռեակցիաների առաջացման հնարավորությունը),
  • մասնակի շարժական թիթեղային պրոթեզներ՝ նորարարական համակարգով,
  • մասնակի շարժական աղեղային (բյուգելային) պրոթեզներ (տարբեր տեսակի ամրակապերով),
  • ատամների պահպանում պարոդոնտի հիվանդությունների ծանր ձևերի դեպքերում,
  • ատամների շարժունակության վերացում՝ տարբեր կառույցների բեկակալող ապարատների օգնությամբ,
  • բուժում և պրոթեզավորում, որը բարդացած է մկանների և քունք-ստործնոտային հոդի հիվանդություններով։

Շարժական պրոթեզներ

Շարժական պրոթեզներն այսօր էլ ատամի պրոթեզավորման ամենատարածված տեսակներն են: Դրանք ունեն առավել շատ ցուցումներ և առավել քիչ հակացուցումներ։ Եվ, իհարկե, դրանք ավելի մատչելի են այցելուների մեծ մասի համար։ Շարժական ատամնապրոթեզները բաժանվում են երկու տեսակի` աղեղային և թիթեղային։ Վերջիններս իրենց հերթին լինում են մասնակի շարժական և լրիվ շարժական։ Շարժական պրոթեզների պատրաստման՝ մեզ մոտ օգտագործվող ժամանակակից տեխնոլոգիաները կամ պլաստմասի, այսպես կոչված, ձուլվածքային մամլումը բարելավում են պրոթեզի էսթետիկական տեսքը: Դրանք մեծացնում են նրա ամրությունը և նպաստում ալերգիկ ռեակցիաների հավանականության նվազմանը։ Այլ խոսքով ասած` գիշերը «ատամը բաժակի մեջ դնելը» դառնում է ոչ պարտադիր։

Աղեղային պրոթեզ

Աղեղային կամ բյուգելային (գերմաներեն bugel-աղեղ բառից) պրոթեզը թույլ է տալիս հենարանի համար ատամնաբնային ելունների հետ օգտագործել նաև այցելուի սեփական պահպանված ատամները։ Այդպիսի ատամնապրոթեզն ավելի կոմպակտ է, զգալիորեն ավելի ամուր, երկար է ծառայում և հարմար է։ Ծամելու էֆեկտիվությունը դրանում զգալիորեն մոտ է ֆիզիոլոգիականին՝ համեմատած, օրինակ, թիթեղային շարժական պրոթեզի հետ։ 

Աղեղային պրոթեզներ` բռնիչներով և աղեղային պրոթեզներ` փականներով 

Ատամների վրա բռնիչներով աղեղային պրոթեզի ամրակայումն իրականացվում է հատուկ կեռիկների օգնությամբ, որոնք ամուր գրկում են ատամը` չվնասելով էմալը և պահելով պրոթեզը։ Երկրորդ դեպքում աղեղային պրոթեզի ամրացումը փականներին լինում է շատ պինդ, գրեթե անշարժ։ Ծամելիս առաջացող ճնշման մեծ մասն այդ դեպքում վերաբաշխվում է հենակետային ատամների միջև, որոնց վրա հագցված են հատուկ մետաղակերամիկական պսակներ (ատամնաշապիկներ)։ Փականներով աղեղային պրոթեզի առավելությունն այն է, որ ամրացումը թաքնված է պրոթեզի ներսում: Այդ պատճառով էլ, ի տարբերություն բռնիչների, արտաքինից չի երևում` բերանի մեջ շարժական պրոթեզ կա՞, թե՞ ոչ։

Ճկուն պրոթեզներ

Մեր կլինիկայում մենք առաջարկում ենք նորույթ` նեյլոնե ճկուն ատամնապրոթեզներ՝ Վալպլաստ (Valplast, ԱՄՆ) համակարգով։ Նեյլոնե շարժական պրոթեզների առավելությունն ակնհայտ է ոչ միայն մասնագետներին, այլև այցելուներին, որոնք ընտրել են դրանք։ 

Նեյլոնի հիմնական հատկանիշներն են. 

  • Նեյլոնը լիովին զուրկ է մնացորդային մոնոմերից:
  • Այն չի առաջացնում ալերգիկ ռեակցիա քիմիական միացությունների (ակրալ, վինիլ, լատեքս) և զանազան մետաղների նկատմամբ զգայուն մարդկանց մոտ:
  • Նեյլոնե պրոթեզները պարունակում են կայուն ներկանյութ, որը դրանց տալիս է բնական տեսք:
  • Նեյլոնային ատամնապրոթեզների օգտագործման դեպքում ճնշումը հենակետային ատամների վրա կտրուկ կերպով նվազում է:
  • Նեյլոնե ատամնապրոթեզի ամրակայման համար օգտագործվում են էսթետիկական դենթալ-ատամնաբնային բռնիչներ:
  • Նեյլոնե ատամնապրոթեզներն ունեն արտահայտված ճկունություն և աչքի են ընկնում բարձր ամրությամբ, այդ պատճառով էլ ցուցված են վնասվածքավտանգ մասնագիտությունների տեր այցելուներին, հատկապես մարզիկներին:
  • Նեյլոնե ատամնապրոթեզների պատրաստումն իրականացվում է հատուկ մեթոդիկայով, այդ պատճառով էլ դրանք ունեն բարձր ճշգրտություն:
  • Արագ ընտելացվում է և հուսալիորեն վերականգնում ծամելու գործառույթը ։

Մասնակի շարժական թիթեղային պրոթեզ

Այնպիսի դեպքերում, երբ բացակայում են մի քանի ատամներ, օգտագործվում է մասնակի շարժական պրոթեզ։ Այն ամբողջությամբ պատրաստվում է պլաստմասից՝ բացառությամբ բռնիչների (կլամերների)։ Շնորհիվ իր թեթևության, պատրաստման հարաբերական պարզության, մատչելիության և անհրաժեշտության դեպքում դյուրին փոփոխելիության` մասնակի շարժական պրոթեզը բավականաչափ տարածում ունի այցելուների շրջանում։ Մասնակի շարժական պրոթեզի թերությունն այն է, որ այն բավականին մեծ տեղ է գրավում բերանում: Այն լիովին հենվում է ատամնաբնային ելունի վրա, ինչը հանգեցնում է ոսկորների բարակման և պրոթեզը փոխելու անհրաժեշտության։ Ժամանակավոր պրոթեզավորման դեպքում, այնուամենայնիվ, այդ ատամնապրոթեզն ուղղակի անփոխարինելի է։

Լրիվ շարժական պրոթեզ

Երբեմն լրիվ շարժական պրոթեզը դառնում է բոլոր հեռացված ատամները լրացնելու միակ հնարավորությունը։ Բերանում այդ պրոթեզը պահելը իրականանում է ներծծման էֆեկտով (երկու թաց ապակիների՝ իրար կպչելու նման) և ծնոտների անատոմիական ելուստներով։ Եթե պրոթեզը թույլ է պահվում բերանում, հատկապես ստորին ծնոտին, և եթե այցելուն ունի լրիվ շարժական պրոթեզի օգտագործման հետ կապված այլ խնդիրներ, ապա ծամելու գործառույթի վերականգնման միակ միջոցը թերևս մնում է պրոթեզավորումը իմպլանտատների վրա։

Պրոթեզներ՝ տելեսկոպիկ (շարժական) պսակների վրա

Պրոթեզները տելեսկոպիկ պսակների վրա շարժական պրոթեզների տարատեսակներից են։ Պրոթեզի պահելը ատամին կատարվում է երկու մասից բաղկացած պսակի օգնությամբ։ Առաջին մասը սեփական մետաղակերամիկական պսակն է։ Երկրորդ մասը մետաղական փոքրիկ կափարիչ է, որն ունի զուգահեռ պատեր։ Դա հիշեցնում է ծալքավոր հեռադիտակ. շապիկները հենվում են մեկը մյուսին` ամուր պահվելով իրար վրա։ Հարկ է նշել, որ այդ նույն սկզբունքով կարող են պատրաստվել շարժական կամուրջներ։ Դա անհրաժեշտ է այն դեպքերում, երբ մեծ, շարժական պրոթեզի անհրաժեշտություն չկա, սակայն արդեն հնարավոր էլ չէ անշարժ կամուրջի ամրացումը։ Մեր կլինիկայում կիրառվում են նաև «Procerа»«Cerec» տեխնոլոգիաները։